Վրաստանում գրանցվել է կանանց պարտադիր զինծառայության վերաբերյալ օրինագիծը

13:20 • 07.02.17

Վրաստանի բնակչուհի Իրինա Բարբակաձեն երկրի խորհրդարանին առաջարկել է զինվորական ծառայությունը պարտադիր դարձնել կանանց համար: Նա արդեն համապատասխան օրինագիծ է ներկայացրել օրենսդիր մարմնին, որը սույն թվականի հունվարի 30-ին գրանցել է նրա նախաձեռնությունը:

Sputnik Georgia-ի հաղորդմամբ` Իրինա Բարբակաձեն, հիմնվելով «Գենդերային հավասարության մասին» օրենքի հիմնական սկզբունքների և դրույթների վրա, կարծում է, որ պետք է ձևավորվի «զինծառայողուհի» («ջարիսկալի») հասկացությունը, ինչպես նաև` զինվորական ծառայությունը պետք է պարտադիր դառնա կանանց համար:

Նշվում է, որ տվյալ օրինագծի նպատակը «վրացական բանակի ուժեղացումը, պաշտպանունակության ամրապնդումը, տարածքների վերադարձն ու երկրի միավորումն է»:

Վրաստանի գործող օրենսդրության համաձայն` պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-27 տարեկան տղամարդիկ: Կանայք նույնպես ունեն բանակում ծառայելու իրավունք, սակայն` ըստ ցանկության: