Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Վաշինգտոնին վերհիշել Երկրորդ աշխարհամարտի պատմությունը

09:24 • 08.02.17

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Ին խորհուրդ է տվել Վաշինգտոնին «hիշողության մեջ թարմացնել» Երկրորդ աշխարհամարտի պատմությունը, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ սրան նախորդել էին Միացյալ Նահանգների հայտարարությունները Հարավչինական ծովի վիճահարույց կղզիների վերաբերյալ:


«Ուզում եմ առաջարկ անել ամերիկացի ընկերներին. թարմացրե՛ք Ձեր հիշողությունում Երկրորդ աշխարհամարտի պատմությունը»,-ասել է Վան Ին Ավստրալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


Չինացի պաշտոնյայի խոսքով՝ 1943 և 1945թթ. կնքված Կահիրյան և Պոտսդամյան հռչակագրերում ասվում է, որ Ճապոնիան պետք է Չինաստանին վերադարձներ գրավյալ տարածքները՝ այդ թվում նաև Սպրատլի արշիպելագը: Ըստ Իի՝ 1946թ. Չինաստանը վերադարձրել է տարածքները, սակայն որոշ երկրներ ապօրինի ձևով զբաղեցրել են արշիպելագի մի մասը, ինչն էլ հանգեցրել է Հարավչինական ծովում վեճի առաջացմանը: