Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարն ավելի շատ զորք է խնդրել՝ Ռուսաստանին զսպելու համար

10:03 • 29.03.17

Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատար, ամերիկացի գեներալ Քյորթիս Սկապարոտին հայտարարել է, որ իրեն հարկավոր է ավելի շատ զորք և ժամանակակից զենք՝ Ուկրաինան իր նորագույն սպառազինությոնների համար որպես փորձադաշտ օգտագործող «ավելի ու ավելի ռազմատենչ Ռուսաստանին» հակազդելու համար, գրում է lenta.ru-ն՝ The Washington Examiner-ին հղումով:


Գեներալը հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին, որ ամերիկացի զինվորականները լավագույնն են աշխարհում և կարող են զսպել Ռուսաստանին: «Մեզ հարկավոր է ավելի հզոր ուժ… օրինակ՝ զրահատանկային դիվիզիա»,- հավելել է նա:


«Այսօր մենք ունենք Եվրոպայում տեղակայված ընդամենը մոտ 60 հազար զինծառայող, և դա ուժ է, որը թույլ է տալիս մեզ զսպել»,- նշել է գեներալը:


Սկապարոտին հայտարարել է նաև, որ ՌԴ-ն օգտագործում է Սիրիան և Ուկրաինան իր նոր, կատարելագործված զենքերի համար որպես փորձադաշտ և որ Ուկրաինայում եկել է ժամանակը կառավարական ուժերին ավելի շատ հնարավորություն տալ պայքարելու «Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող անջատողականների» դեմ, մասնավորապես՝ մահաբեր զենքի տրամադրման միջոցով: