Ինքն իրեն աներեսաբար «պե­տու­թյան մարդը» որակող խեղճուկրակ. պոլսահայ մտավորականը քննադատել է Արամ Աթեշյանին

15:45 • 30.03.17

Պոլսահայ մտավորական, ուսուցիչ և սյունակագիր Սևան Դեյրմենջյանը կոշտ քննադատության է ենթարկել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանին՝ նրան անվանելով «ինքն իրեն աներեսաբար «պե­տու­թյան մարդը» որակող խեղճուկրակ»:

Դեյրմենջյանը շեշտել է, որ Աթեշյանի՝ թուրքական պետությունից սպասումներն այնքան մեծ են, որ վերջինս անգամ արհամարհել է Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշումները:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Սևան Դեյրմենջյանի՝ «Ակօսի» էջերում հրապարաված հոդվածը ներկայացնում ենք ստորև՝ որոշակի կրճատումներով.


«Երբ փոքր էի՝ համայնքում ոմանց ետևից մարդիկ փսփսում էին, թե «պետության մարդն է»՝  իրենց ցուցամատն ուղղելով ենթակային կամ աչք-հոնքով ցույց տալով նրան։ Ես հասկանում էի, որ «պետության մարդն» այն հատկանիշն է, որը չի կարելի բարձրաձայնել կամ մարդու երեսին ասել: Ի՞նչ էր անում պետության մարդը: Թերևս հայերենից թուրքերեն թարգմանություն… Սրա-նրա ասածը փոխանցում էր «պետությանը»:  Եթե համարձակություն ունենաս նրան դիմելու՝ ի՞նչ իմանաս, գուցե ինչ-որ գործ էլ քեզ համար դասավորի իր կապերի շնորհիվ:

Նորին ապօրինություն չարքեպիսկոպոս Աթեշյանը սկսեց շատ հաճախ, առիթ-անառիթ կրկնել իր՝ պետության կողմից նշանակված պատրիարքի փոխանորդ լինելու փաստը, և նույնիսկ գործը հասավ նրան, որ վերջինս հայտարարեց, թե «Պոլսո Հայոց պատրիարքարանը Թուրքիայի մի մասնիկն է և իմ կողմից վստահված է մեր պետությանը»…

Դարձյալ Աթեշյանն էր, որ կխոսեր մեր կողմից Թուրքիա պետության սպասումները բավարարելու մասին, սակայն չէր մանրամասնում, թե ինչ սպասումների մասին է խոսքը:

Իսկ ի՞նչ է սպասում Արամ Աթեշյանը պետությունից: Ի՞նչ նյութական խոստումներ են տվել նրան:

Պատրիարքի փոխանորդն, ով իր վարքը հասցրել է այն աստիճանի, որ դրժում է կաթողիկոսին ու այլոց տված խոստումները, նյութական ի՞նչ ակնկալիքներ ունի պետությունից:

Բնավ չեմ զարմանա, եթե նորին ապօրինություն չարքեպիսկոպոս Աթեշյանը, որն այլևս ոչ մի պաշտոն չունի պատրիարքարանում, «պե­տու­թյան սպա­սումնե­րի» պատրվակով վերստին եկեղեցական ժողով հրավիրի և տարբեր սպառնալիքներով ստիպի, որ իրեն ընտրեն պատրիարքի տեղապահ:

Եվ չեմ զարմանա, դուք էլ չզարմանաք, եթե այդքանից հետո հայտարարի, որ այդ ամենից հետո ասեն, թե խաղաղությունն ու համերաշխությունը վերականգնվել է: Նույնը պետությունն է անում: Ըստ պետության՝ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում էլ հիմա խաղաղություն է վերականգնվում, որտեղ մեծամասնության քվեն ստացած քաղաքապետերի փոխարեն քաղաքապետարաններում նստած են պետության կողմից նշանակված վերահսկիչները:

Բանակի ու զենքի այլևս ի՞նչ կարիք կա…Արամ Աթեշյանը, ինքն իրեն հպարտորեն ու բացահայտ ձևով, առանց ամաչելու աներեսաբար «պե­տու­թյան մարդը» որակող այդ խեղճուկրակը, միայնակ չէ…
 
Ահա պետությունն ու իր մարդը…

Այսպիսի պետության՝ այսպիսի մարդը»: