«Ո՛չ ընտանեկան իշխանությանը». Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ցույց կանցկացնի ապրիլի 9-ին

10:00 • 30.03.17

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը բողոքի ցույց կանցկացնի ապրիլի 9-ին մայրաքաղաք Բաքվում, հայտնում է contact.az-ը՝ հղում անելով խորհրդի համակարգման կենտրոնի անդամ, Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի հայտարարությանը: 

Հայտնի է, որ ընդդիմությունը բողոքի ցույց կանցկացնի «Ո՛չ կաշառակերությանը», «Ո՛չ ընտանեկան իշխանությանը», «Ո՛չ թալանին» և «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսներով: 

Քերիմլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք պետք է ցույց տան, որ Ադրբեջանում կա այն ուժը, որը «վերջ» կասի ալիևյան ռեժիմին:

Նա նաև հայտնել է, որ Բաքվի իշխանություններին կուղարկվի հատուկ ծանուցում բողոքի ցույցի անցկացման մասին: