Իրաքի քրդերը կարող են անկախության հարցով հանրաքվե անցկացնել արդեն այս տարի. լրատվամիջոցներ

10:05 • 04.04.17

Իրաքի քրդերն առաջին լուրջ քայլերն են կատարել անկախության վերաբերյալ հանրաքվեի իրականացման ճանապարհին, այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:

Հայտնի է, որ Իրաքյան Քուրդիստանի երկու ամենախոշոր կուսակցությունները համարվող KDP-ն և KYB-ն արդեն համաձայնության են եկել այդ հարցում:


Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի գլխավորությամբ կայացած հատուկ ժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են անկախության հարցով հանրաքվեն կազմակերպել մինչև այս տարվա վերջ:

Հիշեցնենք, որ Բարզանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրաքի քրդերը մոտ ապագայում կարող են անկախության հանրաքվե անցկացնել:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:

«Ձեր առաջ ծառացած խնդիրները լուծվելո՞ւ են այդ անկախությամբ: Պետք է նախ աչքի առաջ պահել քուրդ ժողովրդի շահերը», - ասել է Ալ Աբադին: