Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի հետապնդել քուրդ զինյալներին Սիրիայում

16:55 • 05.04.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հետապնդել Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված խմբավորումներին, տեղեկացնում է թուրքական diken.com.tr կայքը:

«Նախօրեին այդ հարցով հեռախոսային քննարկում ունեցա հարգարժան Պուտինի հետ: Երբ Ռաքքայի ազատագրման վերաբերյալ միասնական կերպով գործելու որոշում կայացվի, մենք ցանկանում ենք ետ շպրտել քրդական ուժերին դեպի Եփրատի արևելյան ափ», - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հաստատել է Սիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտը:

Յըլդըրըմը չի բացառել, որ ապագայում Թուրքիան կարող է վերսկսել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները, եթե այնտեղ գտնվող տարբեր խմբավորումների գործողություններն ու զարգացող իրադարձությունները վտանգ ներկայացնեն Թուրքիայի անվտանգությանը:

Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում։