General Motors-ը Վենեսուելայում 2700 աշխատակցի է ազատել աշխատանքից

22:26 • 25.04.17

General Motors ընկերությունը հեռակա կարգով 2700 աշխատակցի է ազատել Վենեսուելայում գտնվող գործարանից, որի աշխատանքները դադարեցվել էին օրեր առաջ:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, աշխատակիցներին հեռացման մասին տեղեկացրել են SMS հաղորդագրության միջոցով: Բացի այդ, գործարանի բոլոր նախկին աշխատակիցների հաշվին են փոխանցվել նրանց հասանելիք վճարները:

Ամերիկյան մեքենաշինական հսկայի ձեռնարկությունը փակվել է, երբ Վենեսուելայի իշխանությունները հանկարծակիորեն վերահսկողություն են սահմանել գործարանի նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գործարանից բացի առգրավվել են նաև բոլոր պատրաստի մեքենաներն ու պահեստամասերը:

Ինչպես հաղորդվում է, գործարանի պետականացումը տեղի է ունեցել երկու դիլլերների հետ երկարատև վիճաբանության պատճառով, որոնք GM-ին մեղադրում էին ոչ պատշաճ սպասարկման մեջ: