Հույս ունեմ, որ 2-3 ամսից կտեղափոխեն հայրիկիս. Հրաչյա Հարությունյանի դուստր

19:43 • 25.04.17

Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանի ընտանիքը Արդարադատության նախարարությունից է տեղեկացել, որ Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան:

Tert.am-ի հետ զրույցում դուստը՝ Լիլիթ Հարությունյանը, նշեց, որ մանրամասների մասին տեղյակ չեն պահել իրենց և նույնիսկ կոնկրետ օր չգիտեն, թե երբ են տեղափոխելու:

«Տեղափոխման օրվա մասին էլ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ժամկետ չկա, բայց ասել են, որ մոտակա ժամկետներում կլինի, մոտավորապես 2-3 ամսից ոչ շուտ, չգիտեմ, սպասենք տեսնենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՌԴ Պոդոլսկի մոտակայքում 2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ էր մահացել, և վարորդ Հրաչյա Հարությունյանը դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Լիլիթ Հարությունյանը նաև տեղյակ էր, որ դատավարության ֆինանսական փոխհատուցման պահանջ այլևս չկա, քանի որ այդ գումարներն արդեն վճարվել են: Թե ով է վճարել, դա էլ չգիտեն:

«Ընդհանուր չափն էլ կոնկրետ չգիտենք, որովհետև ամեն մեկն իր գումարն էր պահանջում, տարբեր չափերի էր հասնում»,-ասաց նա:

Իսկ տեղափոխության համար, ըստ նրա՝ պատճառ են եղել հոր առողջական լուրջ խնդիրները: «Առողջական խնդիրներ ունի լուրջ, և հիմնականում դրա հետևանքն է, որ իրեն տեղափոխում են: Պետք է անհապաղ բուժում ստանա, եթե այդ ամեն ինչն իրոք այդքան լուրջ եղավ, ապա իրեն անպայման տեղափոխելու են։ Գիտեմ, որ ահավոր լուրջ է, պետք է տեղափոխեն, որ բուժումը նորմալ ստանա»,-ասաց նա և նշեց, որ ողնաշարի ճողվածք ունի, նաև շաքար, թևի տակ՝ ճարպագունդ, որ իրեն խանգարում է:

Թե ինչպես են պատրաստվում դիմավորել, Լիլիթ Հարությունյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, երկար ժամանակ է՝ սպասում եմ ու չգիտեմ՝ կլինի իսկապես ոնց պատկերացնում ենք, խոսում ենք, բայց ամեն դեպքում հույս ունեմ, որ շուտով կտեսնեմ իրեն»,-ասաց նա:

Լիլիթ Հարությունյանը նշեց, որ կարծում է՝ տեղափոխությունը մի քանի ամիս կտևի, քանի որ նա այնտեղ լուրջ հետազոտության է անցնում:

«Պետք է որոշվի՝ ինչքան լուրջ է խնդիրը, և նոր կորոշեն տեղափոխման օրը»,-ասաց նա: