Իրաքի վարչապետը քրդերի անկախության հանրաքվեն անիրական է որակել
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից նախատեսված և աշնանը կայանալիք անկախության հանրաքվեն անիրական ու անժամանակ է անվանել:
Ինչպես գրում է քրդական Rudaw կայքը, ալ-Աբադին հիշեցրել է քրդերին, որ Իրաքյան Քուրդիստանն Իրաքի անբաժանելի մասն է, և նրանք միասին պետք է պայքարեն երկրի առաջ ծառացած խնդիրների դեմ:
«Վախենամ, որ հանրաքվե անցկացնելու դեպքում նրանք կկորցնեն այն ամենը, ինչ ձեռք են բերել այս 13 տարիների ընթացքում: Նրանց ամենամոտը միշտ հենց Բաղդադն է կանգնած եղել», - նշել է ալ-Աբադին՝ հավելելով, որ հանրաքվեն ի զորու չէ լուծելու քրդերի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական խնդիրները:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Իրաքյան Քուրդիստանի երկու ամենախոշոր կուսակցությունները համարվող KDP-ն և KYB-ն արդեն համաձայնության են եկել այդ հարցում: Մասուդ Բարզանիի գլխավորությամբ կայացած հատուկ ժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են անկախության հարցով հանրաքվեն կազմակերպել մինչև այս տարվա վերջ:










