Ռուսաստանում տղամարդը «բերանից կրակ բաց թողելու» հնարքի ժամանակ այրել է կնոջը
Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի մոտակայքում գտնվող Վյազմայում տղամարդը հնարք ցույց տալու ժամանակ պատահաբար այրել է կնոջը, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությանը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 15-ին` Վյազմա քաղաքում: Ամուսինները ոգելից խմիչքներ են ըմպել իրենց բնակարանում:
«Տղամարդը որոշել է իր կնոջը ցույց տալ «բերանից կրակ բաց թողելու» հնարքը: Նա սպիրտ պարունակող հեղուկ է լցրել բերանի մեջ, կրակայրիչը մոտեցրել շուրթերին և փչել կրակի վրա: Արդյունքում՝ կրակը տարածվել է նրա կողքին նստած կնոջ վրա», - ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ` անհաջող հնարքի հետևանքով կինը ստացել է մարմնի 90 տոկոսի այրվածք և երեք օրից մահացել շրջանային հիվանդանոցում:
Ինչպես գործակալությանը հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի վարչության պաշտոնական ներկայացուցիչը, տղամարդը հայտնել է, որ զղջում է իր արարքի համար:










