Թրամփը համաձայնել է հետաձգել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ենթադրություններն այն մասին, թե նա թաղել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախագիծը, բայց պատրաստակամություն է հայտնել դադար վերցնել դաշնային բյուջեից դրա համար միջոցներ խնդրելու համար, հայտնում է CNN-ը։
«Թույլ մի տվեք կեղծ ԶԼՄ-ներին ձեզ ստեր պատմել՝ իբր ես փոխել եմ պատի մասին իմ կարծիքը: Այն կկառուցվի և կկանգնեցնի թմրանյութերը, մարդկանց առևտուրը և այլն»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
Կոնգրեսում դեմոկրատները խոստացել են արգելափակել այդ նախագծի ֆինանսավորման հնարավոր դիմումը, քանի որ դրա կառուցման գինը գնահատվում է միլիարդավոր դոլարներ:
Մեքսիկայի հետ սահմանին պատը Թրամփի նախընտրական կարևոր խոստումներից մեկն է եղել: Նախընտրական արշավի ժամանակ նա պնդում էր, որ համոզել է Մեքսիկային վճարել կառուցման համար, սակայն մեքսիկական իշխանությունները հստակ հասկացրել են, որ ոչ մի գումար չեն տրամադրի պատի համար:
Նախագահն արդեն մի քանի անգամ փոխել է նախագծի արժեքի իր գնահատականը: Նշված գումարներից մեկը 10 միլիարդ դոլարն է:










