Իվանկա Թրամփը հերքել է Սիրիայում ավիահարված հասցնելու որոշման վրա իր ազդեցության մասին լուրերը

11:31 • 26.04.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը հերքել է լուրերն այն մասին, թե նա ազդել է Սիրիայի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելու հոր որոշման վրա, հայտնում է ABC News-ը:


«Դա սխալ մեկնաբանություն է»,- ասել է նա Բեռլինում «Մեծ քսանյակի» երկրների կանանց վեհաժողովի ժամանակ:


«Կարծում եմ՝ դժվար է նայել այն կադրերին, որոնք մենք տեսել ենք, և չարձագանքել, չցնցվել մինչև հոգու խորքը»,- հավելել է նա:


Նրա խոսքով՝ երկրի նախագահը «չի կարող որոշումներ կայացնել՝ հիմնվելով միայն զգացմունքների վրա»: Բացի այդ, նա գովել է իր հորը վճռականության համար և հավելել է, որ հպարտանում է նրա գործողություններով:


Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էին, որ Դոնալդ Թրամփը որոշել է հարված հասցնել Սիրիայի ռազմաօդային ուժերի աերոդրոմի ուղղությամբ իր դստեր ճնշման տակ:


Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն հարված է հասցրել սիրիական ռազմաբազային՝ արձակելով «Տոմահավկ» տեսակի 59 թևավոր հրթիռ: