Գառնու ձորում 28-ամյա քաղաքացին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցում մահացել
Կոտայքի մարզի Գառնու ձորում ջրագծեր անցկացնելու աշխատանքներ կատարելու ժամանակ երիտասարդը վնասվածքներ է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ երիտասարդը մահացել է:
Tert.am-ին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նման դեպք գրանցվել է:
« Նման դեպք գրանցվել է, մահացել է 1989 թվականին ծնված քաղաքացի է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ ՀՀ ՔՕ 157-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ պատասխանատու անձի կողմից աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:










