Կրակոցներ Երևանում. վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենան, դեպքի վայրում հայտնաբերվել է 13 պարկուճ և 1 գնդակ

13:15 • 09.08.17


Օգոստոսի 8-ին Երևանում կրակոցներ են հնչել: Քաղաքացին իրեն պատկանող ատրճանակից օդ է կրակել:

Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ նման միջադեպ եղել է.«Օգոստոսի 8-ին՝ ժամը 1-1:30-ի սահմաններում ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացի Ա.Դ.-ն տան երկրորդ հարկից վիճաբանել է իրեն անծանոթ անձանց հետ, որի ընթացքում ատրճանակից օդ է կրակել»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նա հայտնեց, որ Ա.Դ.-ն ներկայացվել է ոստիկանություն և ներկայացրել ատրճանակը:



Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է ապրանքագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվում է քննություն: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով վնասվել է Հ. Ներսիսյան փողոցի թիվ 14/1 շենքի հարևանությամբ կայանված նույն շենքի բնակիչ՝ 69-ամյա Հակոբ Օսիկյանին պատկանող BMW մակնիշի 34 AՍ 710 համարանիշի ավտոմեքենայի անվադողը։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 13 հատ պարկուճ և 1 հատ գնդակ։ Ա. Դ.-ն բնակության վայրից չբացակայելու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակվել։