Ուկրաինացի երիտասարդը 3 օր անցկացրել է բաց ծովում՝ բատուտի վրա քնած մնալուց հետո
Ղրիմի սահմանապահները փրկել են Ուկրաինայի քաղաքացու, որը երեք օր գտնվել է բաց ծովում՝ փչովի բատուտի վրա: Այդ մասին հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարկինիտյան նեղուցում մարդու հայտնաբերման ազդանշանը սահմանապահ ծառայությունը ստացել է շաբաթ: Սահմանապահ ծառայության նավը հասել է նշված կետ, որտեղ հայտնաբերել է փչովի բատուտի վրա գտնվող երիտասարդի:
«Նրան նավ են բարձրացրել և առաջին բուժօգնություն տրամադրել, պարզվել է, որ տուժածը 1998 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Ալեքսանդրի Դորոշենկոն է: Տղամարդը միջին ծանրության վիճակում էր և չափազանց հյուծված էր»,- հայտնել են սահմանապահ ծառայությունից:
Ինչպես պատմել է տուժածը՝ Խերսոնի շրջանի բնակիչը, նա պահակ է աշխատում Լազուրնոյե գյուղի շրջանում գտնվող հանգստյան գոտում: Ափի մոտ գիշերելու համար տեղավորվելով փչովի բատուտի վրա և արթնանալով հաջորդ առավոտյան՝ Դորոշենկոն հայտնաբերել է, որ բաց ծովում է: Այնտեղ նա գրեթե երեք օր է անցկացրել ուժեղ շոգի (վերջին մի քանի օրերին Ղրիմում ստվերում օդի ջերմաստիճանը հասնում է +40 աստիճանի), ջրի և սննդի բացակայության պայմաններում:










