Ֆրանսիացի զինծառայողների խմբի մեջ ավտոմեքենայի մխրճվելը պլանավորված գործողություն է եղել. Լևալուա-Պերեի քաղաքապետ
Փարիզի հյուսիս-արևմտյան սահմանին գտնվող Լևալուա-Պերե քաղաքի քաղաքապետ Պատրիկ Բալկանին հայտարարել է, որ զինվորականների խմբի մեջ ավտոմեքենայի մխրճվելը պլանավորված է եղել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Անկասկած, դա միտումնավոր է արվել»,- հայտարարել է նա:
Քաղաքապետը հավելել է, որ տեղի ունեցածն «ագրեսիայի սարսափելի գործողություն» էր: Նա նշել է, որ ավտոմեքենան եղել է BMW մակնիշի:
Քաղաքապետը պատմել է, որ չարագործը սպասել է զորանոցի մոտ, մինչև զինվորականները դուրս կգան և կուղղվեն իրենց մեքենայի մոտ: Պորտալը նշում է, որ վարորդի որոնումները շարունակվում են:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզի Լևալուա Պերե արվարձանում ավտոմեքենան մխրճվել է Sentinelle գործողության զինվորականների խմբի մեջ և թաքնվել դեպքի վայրից, վիրավորվել է վեց զինվորական: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 08.15-ի սահմաններում, երբ զինվորականները լքում էին զորանոցը։










