ՌԴ-ն աջակցում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու հարցում Ինդոնեզիայի հետաքրքրվածությանը. Լավրով

11:05 • 09.08.17

Ռուսաստանն աջակցում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունների մեկնարկի մասին առաջարկը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ինդոնեզիան հետաքրքրություն է դրսևորում այդ միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ սկսելու նկատմամբ: Համապատասխան առաջարկն արվել է, այն այժմ ուսումնասիրվում է: Ռուսաստանն այն աջակցում է»,- ասել է նա Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ բանակցությունների արդյունքներով:


Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գերատեսչություններից մեկի աղբյուրը, 2017 թվականի մայիսին Ինդոնեզիայից առաջարկ է ստացվել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուսումնասիրության համար հետազոտական խումբ ձևավորելու վերաբերյալ: