Արարատի մարզում որդին ծեծել է 79-ամյա մորը, այնուհետև ինքնասպանության փորձ արել

13:02 • 09.08.17

Tert.am-ի տեղեկություններով Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում սոցիալական հարցերի շուրջ ծավալված վեճի ժամանակ որդին ծեծել է մորը, այնուհետև ինքնասպանության փորձ արել։

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց,որ հաղորդում է ստացվել այն մասին,որ տանը՝ վիճաբանության ժամանակ որդին հարվածներ է հասցրել մորը պատճառելով մարմնական վնասվածքներ։

«Հաղորդման համաձայն՝ դրանից հետո առավոտյան իրենց տան բակում տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է իրեն և տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն»,- ասաց Ջանոյանը՝ հավելելով,որ կատարվում է քննություն։

Tert.am-ի հետ զրույցում Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ մայրը հաճախ է բողոքել որդուց. «Բազմիցս եկել ինձ խնդրել է,որ միջամտեմ, խոսեմ որդու հետ, որ չի ցանկանում ապրել որդու հետ։ Գնացել եմ, խոսել եմ, ասել եմ՝ նորմալ պահի քեզ, բայց դե ...»։

Նշենք, որ 79-ամյա կինը փախստականի կարգավիճակ ունի, ապրում է իրեն հատկացված  տանը՝ միայնակ, իսկ որդին ապրում է Վանաձորում և պարբերաբեր գալիս է Ուրցաձոր։