Արմավիրի մարզպետի խորհրդականի կինը, ով մեղադրվում է սպանության մեջ, վկայում է՝ ամուսնու հայրը սպանել է կնոջը
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի հայրը ծեծելով սպանել է իր կնոջը: Մանուկ Սիմոնյանն ինքը, որպես երեխա եղել է ընտանեկան բռնության զոհ և այդ բռնությունը նաև վերարտադրել է իր ընտանիքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ այն, որ Մանուկ Սիմոնյանի մոր մահը եղել է հոր կողմից բռնության հետևանքով, դա վկայել է Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը:
«Բռնությունը շղթայական փոխանցման բնույթ ունի: Այսինքն, բռնության զոհը կարող է վերարտադրել այդ բռնությունը, եթե նրան չաջակցեն, չբուժեն»,- նշեց իրավապաշտպանը:
Օրերս Զարուհի Հովհաննիսյանը այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող Ռուզաննա Մկրտչյանին, ով մեղադրվում է ամուսնու՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ:
«Նրա առողջական վիճակը բավական մտահոգիչ է, մարդը երկարատև բռնության պայմաններում է ապրել, տարբեր խնդիրներ ունի՝ ոտքերի բավականին լուրջ այտուցներ և տրոմբեր, երիկամային խնդիրներ, վահանագեղձի հետ կապված խնդիր: Երրորդ կարգի հաշմանդամ է»,- հայտնեց նա:
Ինչ վերաբերում է Ռուզաննայի հոգեկան վիճակին, Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրներ արձանագրվել են, բայց նա մշտապես վերահսկվում է քրեակատարողական հիմնարկի հոգեբույժի կողմից:
Իրավապաշտպանի խոսքով՝ Ռուզաննա Մկրտչյանի առողջական վիճակը հաշվի առնելով, հնարավոր է, որ խափանման միջոց ընտրվի ստորագրություն չհեռանալու մասին:
«Լինում են դեպքեր, երբ մարդու առողջական, հոգեկան վիճակից ելնելով ուղղակի ստորագրություն են վերցնում չհեռանալու մասին: Նա իր տանն է լինում և նախաքննությունը անց է կացվում նրա ոչ կալանքի տակ գտնվելու պայմաններում»,- ընդգծեց Զարուհի Հովհաննիսյանը:










