Fox News-ի հաղորդավարը 50 միլիոն դոլար է պահանջել զրպարտության համար

11:11 • 10.08.17

Հաղորդավար Էրիք Բոլինգը, ով ժամանակավորապես հեռացվել է Fox News հեռուստաալիքից՝ ծառայողական պարտականությունների իրականացման ժամանակ անպարկեշտ պահվածքի համար, չորեքշաբթի դատարանի միջոցով մի քանի տասնյակ միլիոն դոլար է պահանջել լրագրող Յաշար Ալիից, գրում է ТАСС-ը:


Ալիի հրապարակումը The Hunffington Post-ում պատճառ էր դարձել, որ Fox News-ը ներքին հետաքննություն անցկացնի և դադարեցնի Բոլինգի հետ աշխատանքային պայմանագրի գործողությունը:


Համապատասխան հայցը չորեքշաբթի ուղարկվել է Նյու Յորք նահանգի դաշնային դատարան: Բոլինգը մեղադրել է Ալիին «իր մասնագիտական հեղինակությանը վնաս հասցնելու» ձգտման համար՝ «կեղծ և մոլորեցնող պնդումների» միջոցով: Հեռուստալրագրողն իրեն հասցված բարոյական և մասնագիտական վնասը գնահատում է 50 միլիոն դոլար:


Ինքը՝ Ալին պարզաբանել է, որ իր հրապարակումը հիմնված է Fox News-ում 14 աղբյուրների հետ հարցազրույցների վրա, որոնք ստիպված էին խոսել անանունության պայմանով:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Fox News հեռուստաալիքի հաղորդավար Էրիք Բոլինգը հեռացվել է աշխատանքից, երբ հայտնի է դարձել, որ նա անպարկեշտ լուսանկարներ է ուղարկել իր գործընկերներին: Հեռացման պատճառ է դարձել օգոստոսի 4-ին The Huffington Post-ում հրապարակումը:


Բոլինգը Fox News-ում վարել է բիզնեսի մասին Cashin’ In վերլուծական ծրագիրը: Բացի այդ, նա վարել է The Five շաբաթական շոուն՝ երկու կին հաղորդավարների հետ: