Պենտագոնում բացատրել են ռուսական ինքնաթիռի դիտորդական թռիչքը Սպիտակ տան վրայով
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, մեկնաբանելով ռուսական ռազմական ինքնաթիռի դիտորդական թռիչքը Սպիտակ տան վրայով, բացատրել է, որ Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում դիտորդները կարող են թույլտվություն խնդրել թռչել ցանկացած վայրի վրայով ու գրեթե միշտ թույլտվություն են ստանում:
Politico հանդեսի հետ զրույցում աղբյուրն ասել է, որ օտարերկրացի ռազմական դիտորդները կարող են թռչել գրեթե ամբողջ տարածքի վրայով:
«Սովորաբար, ռուս դիտորդները գալիս են ու ներկայացնում այն վայրերի ցանկը, որոնց վրայով ռուսական կողմը կցանկանար թռչել: Մենք կազմում ենք թռիչքների ծրագիրը, և մի քանի բացառությամբ, որոնք վերաբերում են անվտանգությանն ու եղանակային պայմաններին, նրանց թույլ է տրվում թռչել գրեթե ամբողջ տարածքով»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռն օգոստոսի 9-ին թռել է Կապիտոլիումի, Պենտագոնի և նախագահական այլ կառույցների վրայով՝ իրականացնելով Բաց երկնքի պայմանագրի շրջանակում Վաշինգտոնի հետ համաձայնեցված թռիչք:
Ռուսական ինքնաթիռին թույլ են տվել մուտք գործել Սպիտակ տան տարածքում գերգաղտնի օդային գոտի: Հայտնի է, որ թռիչքի ժամանակ ռուսական օդանավում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ են եղել:










