Պարտադիր 12-ամյա կրթության անցնելը միանգամից երկու լավ բան կարող է տալ. Սերոբ Խաչատրյան (տեսանյութ)
Կրթությունը չպետք է լինի ուղղակի գալ-գնալու պրոցես. երեխայի մարմինը տնից հանել և դպրոց տանելը կրթություն չի համարվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով պարտադիր 12-ամյա կրթությանն անցնելու որոշմանը: Նրա կարծիքով՝ այս փոփոխությունից երեխաների մեծ մասին օգուտ չի լինի: Օգտակար կլիներ այն դեպքում, եթե լավ կազմակերպված լիներ օրենքի փոփոխությունը: «Ֆինանսական փաստաթղթերը նայում եմ, ոչ մի լրացուցիչ ներդրում չի արվելու այս ծրագրի համար, մինչդեռ սա շատ թանկ ծրագիր է: Տարեկան յուրաքանչյուր երեխայի համար դպրոցներին տրվում է մոտ 250 դոլար, բայց, բացի այդ գումարից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար լրացուցիչ սոցիալական փաթեթ, տրանսպորտի գումար և լրացուցիչ կրթական ծառայություններ են պետք»,- նշեց նա: Սերոբ Խաչատրյանը խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կգրանցվեն դպրոցներում, բայց կշարունակել աշխատել, քանի որ հացի խնդիր են լուծում:
-2017 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնելու «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Մինչ այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Ո՞րն է այս փոփոխության հիմնական նպատակը, դա ի՞նչ է տալու կրթական համակարգին:
-Սա միանգամից երկու լավ բան կարող է տալ: Առաջինը՝ կմեծանա Հայաստանի դպրոցներում ընդգրկված աշակերտների թիվը: Այսինքն, միջազգային ցուցանիշներով Հայաստանի դիրքերը կբարելավվեն, որովհետև կա այդպիսի ցուցիչ, որը հաշվում է կրթության տևողությունը: Հիմա, եթե 12-ամյակը դարձնում ենք պարտադիր, արդեն կրթության տևողությունը երկարում է: Երկրորդ՝ սա հնարավորություն է որոշակի խմբի երեխաների համար ստանալ կրթություն: 12-ամյա կրթությանն անցնելու որոշումը, մտադրությունը դրական է, բայց խնդիրն այն է, թե որքանով է նախապատրաստված և ինչպես է իրականացվելու:
-Այսինքն, 12-ամյա կրթությանն անցնելուց հետո ի՞նչ ռիսկեր եք տեսնում, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
-Սա պահանջում է լուրջ նախապատրաստվածություն: Տեսեք, այն երեխաները, որոնք 9-րդ դասարանից թողնում են դպրոցը, նրանք հիմնականում ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ են: Սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները շատ հաճախ իրենք չեն թողնում, որ երեխան դպրոց հաճախի, որովհետև պետք է փոքր քրոջը, հիվանդ մորը պահի, անասուններին արածացնի և այլն: Մենք այս ընտանիքների աջակցելո՞ւ ենք: Երեխան աշխատում է, որ սոցիալական խնդիր լուծի, մենք ասում ենք՝ մի աշխատի, գնա սովորի: Մենք ասելու ենք, որ քեզ կօգնենք, դու միայն արի սովորի: Մյուս խնդիրն այն է, որ այսօր մենք դպրոցներում, ցավոք սրտի, ունենք երեխաներ, ովքեր 9 տարի սովորել են, բայց անգրագետ են, նա ուղղակի ֆիզիկական ներկայություն է ապահովել: Հիմա, եթե այս երեխան 9 տարի արդեն ձախողել է, ո՞րն է երաշխիքը, որ վերջին երեք տարում նա սկսելու է սովորել: Այս ընտանիքների, այս երեխաների հետ պետք է աշխատել:
-Օրենքը աջակցություն չի՞ նախատեսում սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի երեխաները աշխատելու փոխարեն ուսումը շարունակեն:
-Ավելին ասեմ, ես ֆինանսական փաստաթղթերը նայում եմ, ոչ մի լրացուցիչ ներդրում չի արվելու այս ծրագրի համար: Մինչդեռ սա շատ թանկ ծրագիր է: Օրինակ՝ մենք լրացուցիչ գումար պետք է տայինք դպրոցներին, որ այս երեխաների հետ լրացուցիչ աշխատեն: Աշխարհի շատ երկրներ լրացուցիչ ֆինանսավորում են տալիս, որպեսզի երեխաների հետ անհատապես աշխատեն, աջակցեն: Կարծում եմ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կգրանցվեն դպրոցներում, բայց կշարունակել աշխատել, որովհետև իրենք հացի խնդիր են լուծում:
-9-ամյա կրթությունից հետո ուսումը չշարունակողների թիվը որքա՞ն է կազմում, ունե՞ք նման հետազոտություն:
-Նախարարությունը 2015 թ.-ին ասում էր, որ 3000 երեխա 9-ից հետո չի շարունակել ուսումը: Հիմա ոնց որ ասեցին 2 տոկոս, դա փոքր թիվ է՝ մոտ մի քանի հարյուր, բայց երբ որ վիճակագրական տվյալներին ենք նայում, պատկերն այլ է: Օրինակ 2016 թ.-ին մոտ 6000 երեխա ավարտել են 9-րդ դասարանը և պարզ չէ, թե որտեղ են: Այսինքն, ունենք թիվ՝ ովքեր են գնացել ավագ դպրոց, ուսումնարան, քոլեջ, մոտավորապես գիտենք քանիսն են արտագաղթել և նաև գիտենք թե քանիսն են մնացել նույն դասարանում: Երբ որ այս թվերը գումարում ենք ստացվում է, որ մոտ 6000 երեխա չի շարունակել ուսումը: Սա բավականին մեծ թիվ է, մոտ 20 տոկոսն է:










