Բելգիայում կպատրաստվի աշխարհի ամենամեծ ձվածեղը՝ չնայած Եվրոպայում տարածված «հավկիթային սկանդալի»  

22:44 • 11.08.17

 

Բելգիայի Մալմեդի քաղաքում կանցկացվի ամենամյա ձվածեղի փառատոնը, որի ժամանակ ավանդության համաձայն՝ 10 000 ձու կօգտագործվի հատուկ ուտեստը պատրաստելու համար:

Ինչպես գրում է Agence France Presse-ը, Գերմանիայի հետ սահմանային քաղաքում մտադիր են կյանքի կոչել ամենամյա փառատոնը՝ չնայած Եվրոպայում տարածված սկանդալի: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, եվրոպական թռչնաբուծական ֆաբրիկաներից արտահանված ֆիպրոնիլով վարակված հավկիթները հայտնաբերվել են ԵՄ 15 երկրում, ինչպես նաև՝ Շվեյցարիայում և Հոնկոնգում: 

Ձվային սկանդալի կենտրոնում են հայտնվել հենց Բելգիան և Նիդերլանդները, որտեղից արտահանված միլիոնավոր հավկիթներ հանվել են վաճառքից սուպերմարկետներում: Այնուամենայնիվ, փառատոնի նախագահ Բենեդիկտ Մեթիի խոսքով՝ իրենց համար դժվար չի լինի բավարար քանակությամբ հավկիթ գտնելը, որպեսզի պատրաստեն աշխարհի ամենամեծ ձվածեղը:

Այս փառատոնը բելգիական քաղաքում անցկացվում ավելի քան 20 տարի: Կազմակերպչի հաղորդմամբ՝ իրենք ապահովում են 8000 հավկիթի մատակարարումը 40 կմ հեռավորությամբ գտվող ֆաբրիկայից, իսկ մնացածը տրամադրում են փառատոնի հովանավոր սուպերմարկետները:

Անցյալ տարի ռեկորդային 7000 այցելու է ներկա գտնվել ձվածեղի պատրաստման ավանդական արարողությանը, որն անցկացվում է օգոստոսի 15-ին: