Պոլսո պատրիարքի թեկնածուների անունները դեռ հայտնի չեն․ Սահակ եպիսկոպոս Մաշալյան
Պոլսո պատրիարքի թեկնածուների անունները դեռևս հայտնի չեն․ այս մասին Tert.am-ին հայտնեց Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ նշելով, որ շրջանառվող անունները գուցե փոխվեն, դեռ թեկնածուների պաշտոնական անունները որոշված և հայտարարված չեն:
Նրա խոսքով՝ դեռ նամակ են ուղարկել Ստամբուլի նահանգապետարան՝ նշելով, որ ցանկանում են ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 13-ին: «Դեռ պետությունից պատասխանն ենք սպասում: Բացի այդ, պետությունից նաև կանոնադրություն ենք սպասում: Եթե մեր առաջարկած ամսաթիվը պետությունն ընդունի, Ներքին գործերի նախարարությունն ընտրությունների անցկացման կանոնադրություն պետք է ուղարկի: Կանոնադրությունն ուղարկվելուց հետո թեկնածուների անունները կհայտարարվեն»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ չնայած բնական թեկնածուների՝ իր, Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանի, պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանի, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանի անուններն են շրջանառվում, սակայն դեռևս խոսել նրանց առաջադրվելու մասին, շուտ է: «Իրենք խոսել են, որ թեկնածու են, կամ չեն: Բայց դեռ պաշտոնապես հայտարարված չեն անուններ: Հնարավոր է, որ բացի քննարկվողներից, այլ անուններ էլ լինեն»,- ասաց նա:
Այս պահին Պոլսո պատրիարքարանում սպասում են նահանգապետարանից պատասխանի: Սահակ Մաշալյանի խոսքով՝ սպասումները դրական են, քանի որ Թուրքիայի նախագահի կողմից էլ է հնչել կարծիք, որ պետք է Պոլսո պատրիարքի ընտրություններն անցկացվեն: Թե երբ կպատասխանի նահանգապետարանը, Պոլսո պատրիարքարանի եկեղեցական խորհրդի ատենապետը դժվարացավ պատասխանի: Միայն նշեց, որ եթե երկու ամսվա ընթացքում պատասխան չլինի․ պետք է հետևողական լինեն այն ստանալու հարցում:
Սահակ Մաշալյանի խոսքով՝ պատրիարքարանի ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրները դեռևս ամբողջովին չեն լուծվել: «Սակայն հիմա Գարեգին Բեքչյանի ստորագրությամբ դրամական ծախսեր լինում է իրականացնել: Ստորագրությունը փոխանցված է»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանը պատմեց, որ հիմա պատրիարքարանում հանդարտ մթնոլորտ է, բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում են: «Ժողովուրդը շատ հոգ է, անհամբերությամբ սպասում են պատրիարքի ընտրություններին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը։










