Եվս մեկ պորտաբույծ կառույցի լուծարումը մաքրելու է դաշտը. Նաիրա Զոհրաբյանը՝ «Գրքի և հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի փակման մասին

18:48 • 12.08.17

Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես հայտարարել է նախարար Արմեն Ամիրյանը, շուտով լուծարվելու է: Այս ՊՈԱԿ-ը մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող միավորներից մեկն է, որը զբաղվում է պետական պատվերով գրականություն տպագրելով:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ ասաց. «Եվս մեկ անիմաստ, պորտաբույծ կառույցի լուծարումը մաքրելու է դաշտը»:

Ն. Զոհրաբյանը շեշտեց, որ պետությունը պետք է տպագրի ոչ թե անվճարունակ, սոցիալապես անապահով «գրողի, բանաստեղծի» ստեղծագործությունը, այլ՝ տարեկան մեկ-երկու բացառիկ տաղանդավոր ստեղծագործություն:

«Պետական պատվերով, պետության աջակցությամբ ամեն տարի միջակությունների մի շարք է տպագրվում, «գրողներ ու բանաստեղծներ» են տպագրվում: Պետպատվերով տպվող գրականության 90 տոկոսը գրական աղբ է, գրական մակուլատուրա: Որքան էլ իմ այս հայտարարություններից հետո Գրողների միության պետպատվերով սնվող տարբեր գրական խոտաններ շարունակեն աղմուկ բարձրացնել, ես շարունակում եմ պնդել, որ պետությունը պետք է տպի բացառիկ տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողների, իսկ այդ գումարը, որը տալիս են գրական աղբ տպելու համար, պետք է հատկացվի տաղանդավոր երիտասարդի ստեղծագործությունը մի քանի լեզվով տպագրելուն»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը շեշտեց, որ գրականությունը նմանվել է սեփական ճահճափոսում խլրտացող, մեռնող մի զանգվածի. «Իրենք տպում են, իրենք կարդում են, իրանք ուրախանում են, իրենք շնորհանդեսներ են անում»:

Իսկ հարցը չի լուծվում համակարգային խնդրի պատճառով: Ն. Զոհրաբյանը նշեց, որ Մշակույթի նախարարությունում ստեղծվել է մի խումբ, որը որոշում է՝ ով է տաղանդավոր, ով է արժանի, իսկ պետպատվերով գիրք տպագրելու հիմնական չափորոշիչը սոցիալական անապահովվածությունն է. «Ինչքան չքավոր է տվյալ անհատականությունը,  անվճարունակ է, այնքան շանսերը մեծ են, ասում են չի կարողանում տպագրել, բերեք մենք տպենք: Նման «կույրաղիք» կառույցները պետք է լուծարվեն, դրանք այլանդակում են մեր գրական՝ առանց այն էլ խայտառակ միջավայրը»:

Ն. Զոհրաբյանն ասաց, որ ինքը հետևում է նոր սերնդի գրողներին, որոնց մեծամասնությունը տոտալ անգրագետներ են, «տոն» բառը գրում են «տօն», բայց անգրագիտությունը բացատրում են յուրօրինակությամբ, ասում են, իբրև նոր ոճ են մտցնում գրականության մեջ:

«Ես կողջունեմ, եթե մշակույթի նախարարը լրջագույն վերահսկողություն սահմանի այս ոլորտում: Տգետ ու անգրագետ, իրենց գրող անվանող անձանց չպետք է թույլ տրվի ընդհանրապես տպագրվել: Ցավոք, մեզանում բոլորը կամ գրող են, կամ բանաստեղծ են. սա ազգային հիվանդություն է, որը Ազգային ժողովում ևս սողոսկել է: Իրենց անգրագիտությունը ներկայացնում են որպես սոցիալական պրոտեստի ձև՝ իշխող համակարգին, ներկա իրականությանը: Սա դեգեներատիզմ է, սեփական անգրագիտությունը ներկայացնել որպես սոցիալական ընդվզում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ ամեն մեկի գրական զառանցանքը տպագրել ոչ միայն պետք չէ, այլև գրախանութներում վաճառելը արգելել է պետք:

Զոհրաբյանը միաժամանակ նկատեց, որ դժվար կլինի որոշել՝ որ ստեղծագործությունն է գրական արժեք, որը ոչ, որովհետև «մարդիկ կան, ովքեր ավանդույթի բերումով գրական ճաշակ թելադրողներ են կարգվել, չլինելով այդպիսին» ու նրանք են որոշում, թե որ գիրքը պետք է ներկայացնել օրինակ՝ նախագահի պետական մրցանակին: Արդյունքում, ըստ Ն. Զոհրաբյանի, մրցանակ են ստանում հակաէսթետիկ գրքեր, որոնք անգամ տպագրման արժանի չէին:

«Այս ոլորտը առողջացման կարիք ունի: Պիտի վերանա ազգային հիվանդությունը, մարմաջը, որ բոլորը գրում են, բոլորը ստեղծագործում են, բոլորը երգում են: Իսկ դա հնարավոր կլինի անել այն ժամանակ, եթե գրախանութները չհամաձայնել վաճառել գրական աղբերը: Մտեք գրախանութ, պետպատվերով տպվող մի գրքի համար հարցրեք՝ քանի՞ հատ է վաճառվում ու ձեզ կասեն, որ ոչ մի հատ էլ չի վաճառվում: Էդ գրքի հեղինակը ամեն անգամ գնում իր գիրքը գրախանութից գնում է, հենց ձեռքին փող ա հայտնվում, որ ամոթով չմնա: Այնինչ, աշխարհում տաղանդավոր գրողի համար հրատարակչությունները պատերազմներ են վարում, որ հենց իրենք տպագրեն այդ ստեղծագործությունը»,- ընդգծեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ որքան արտանետված ջերմոցային գազերն են վտանգավոր, այնքան գրական խոտանն է վտանգավոր, որն այլասերում է սերունդների գրական ճաշակը:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ շուտով լուծարվելու է Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչության գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը: «Հիմա պատրաստվում է կառավարության որոշում, մոտ ժամանակներս այն կներկայացվի կառավարության հաստատմանը»,- ասել է Մշակույթի նախարարը: