Արա Զոհրաբյանը կառաջադրվի Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

13:24 • 12.08.17

Փաստաբանների պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը կառաջադրվի որպես պալատի նախագահի թեկնածու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արա Զոհրաբյանը:


Նա հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել է նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո:


Արա Զոհրաբյանը մասնավորապես գրել է. «2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ:

Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ` այս ճանապարհը միասին անցնելու, արտաքին ճնշումներին համարժեք պատասխանելու և ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հարազատ ու մասնագիտական վայր դարձնելու համար: Գնահատել և ընդունել եմ մեր մասնագիտական համայնքն ավելի լավը դարձնելու խորհուրդները, առողջ քննադատությունները և առաջարկությունները:

Որպես կենդանի և զարգացող օրգանիզմ՝ ՀՀ փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում էր, և հաճախ այդ ուշադրության հիմքում կառույցը ցնցումների ենթարկելու, դրականը մերժելու, մեզ պառակտելու ներքին և արտաքին դրսևորումներն էին, որոնք այդպես էլ չեն հաջողվել՝ կոփելով մեր կամքը և ավելացնելով մեր կուտակած փորձը: Ձեր ընտրությունը կարևոր է ՀՀ փաստաբանների պալատի հետագա զարգացման, առկա ավանդույթների պահպանման, փաստաբանների շահերի պաշտպանության և մեր պետության մեջ փաստաբանի դերն արժևորելու համար: 

ՄԵՐ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»:


Tert.am-ի հետ զրույցում Արա Զոհրաբյանն ասաց, որ իր թեկնածությունն առաջադրել են իր գործընկեր 7 փաստաբանները.«Ինձ առաջադրել է իմ գործընկեր 7 փաստաբան: Թե ուրիշ ով կա առաջադրված տեղյակ չեմ»: