ՌԴ քաղաքացին բանկում տարադրամի փոխանակման ժամանակ 20 մլն ռուբլի է կորցրել

19:10 • 12.08.17

ՌԴ մայրաքաղաքի բանկերից մեկում տարադրամի փոխանակման ժամանակ մոսկվացի տղամարդը 20 մլն ռուբլու կորուստ է ունեցել՝ ժամանակին չհաշվելով իրեն հանձնած թղթադրամների կապոցը:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, գանձապահը տղամարդուն թղթադրամների կապոցներ է տվել, որոնցում միայն վերին և ստորին թղթադրամներն են 100 դոլարաանոցներ եղել, իսկ մյուսները՝ մեկ դոլարանոց:

Նշվում է, որ 42-ամյա Վյաչեսլավը բանկում ցանկացել է դոլարի վերածել 29 մլն 888 հազար ռուբլի արժողությամբ գումարը: Գանձապահից ստանալով թղթադրամի կապոցները՝ նա չի վերահաշվել դրանք: Խաբեությունը բացահայտել է միայն կայանատեղիում:

Նա վերադարձել է բանկ և պահանջել պակասող գումարը, սակայն նրան բանկից ասել են, որ գումարն անհրաժեշտ էր հաշվել տեղում:

Կատարվածի առնչությամբ ստուգում է անցկացվում: