ԱՄՆ-ն պահանջել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունից հետաձգել անկախության հարցով հանրաքվեն. լրատվամիջոցներ

14:18 • 12.08.17

ԱՄՆ-ն պահանջել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունից հետաձգել սեպտեմբերին սպասվելիք անկախության հարցով հանրաքվեն։ Այս մասին տեղեկացրել են Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի գրասենյակից, գրում է քրդական Rudaw կայքը:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել է հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը:

Հայտնի է, որ ի պատասխան դրա Բարզանին հռետորական հարց է ուղղել ամերիկացի պաշտոնյային. «Իսկ հանրաքվեն հետաձգելու դեպքում քուրդ ժողովուրդն ի՞նչ երաշխիքներ կունենա իր խնդիրների լուծման ու անվտանգության հարցում»:

Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի՝ սեպտեմբերին սպասվող անկախության հանրաքվեի վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կարող է շեղել Իրաքի իշխանությունների ուշադրությունը հակաահաբեկչական պայքարից: