Վայոց ձորի հրդեհի կասկածյալը ազատամարտիկ է, հաշմանդամ, 3 անչափահաս երեխաների հայր. Արտավանի նախկին գյուղապետ
Արտավանի անտառների հրդեհների կասկածյալը՝ 43–ամյա Կարեն Հակոբյանը Արցախյան պատերազմի մասնակից է, հաշմանդամ, ունի 3 անչափահաս երեխա, ապրում է սոցիալական վատ պայմաններում:
«Երեք անչափահաս երեխա ունի, հիվանդության թոշակ է ստանում, անասուն պահելով՝ մի կերպ ընտանիքը պահում է: Սաղ գյուղն էլ իրա նկատմամբ լավ է տրամադրված, հիմա՝ դեպք ա, եղել է: Համ էլ առաջինն իրա դեզի խոտն է վառվել, ըտենց մարդ կլինի՞, որ դիտավորյալ իրա խոտը վառի, մոտ 300 հազար վառի»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Արտավանի նախկին գյուղապետ Արթուր Գալստյանը:
Հիշեցնենք, որ վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ, և հիմնական վարկածն այն է, որ դեպքը եղել է մեքենայի խլացուցիչը հանելու պատճառով, որից կայծեր են դուրս թռել խոծածակ տարածքում, ինչից էլ բռնկվել է հրդեհը:
Արտավանի նախկին գյուղապետ Արթուր Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը նորմալ է եղել. ոչ մի խուճապ։ «Մարդիկ քնել են իրենց տներում, և հրդեհի ծուխն էլ գյուղ չի հասել: Քամին դեպի ներքև էր քշում, բարձր ա գյուղը, էլ ինչից վախենանք, մարդիկ կային հերթապահություն էին անում, ամբողջ օրը ոստկիկանության զորքեր էին ստեղ, ԱԻՆ-ը»,- մանրամասնեց նախկին գյուղապետը:
Նրա խոսքով ՝ մի քանի օր շարունակ գյուղի տղամարդիկ գնալու են հերթապահության, մինչև որ հրդեհավտանգ բոլոր օջախները մարվեն:
Զառիթափ համայնքի ղեկավար (Արտավանը Զառիթափի համայնքի մեջ է ընդգրկվել) Սիմոն Բաբայանը տեղյակ չէր, որ Վայոց ձորի մարզի Արտավանում բռնկված հրդեհի փաստով կա կասկածյալ և որ հարուցվել է քրեական գործ:
«Ես տեղյակ չեմ, չգիտեմ ում մասին է խոսքը, անտեղյակ եմ, որովհետև երկու գիշեր է տուն չեմ գնում էս սարերից, հրդեհաշիջման աշխատանքներ ենք տանում, իմ գործը թողած գնա՞մ հետաքննություն անեմ, իմ գործը հրդեհը հանգցնելն է, դա ավելի շատ եմ կարևորում եմ»,- Tert.am-ին ասաց նա:
Սիմոն Բաբայանը հույս հայտնեց, որ այսօր իրենց կհաջողվի հանգցնել կրակը: «5-6 հատ բացված օջախ կա, և այդ օջախների մարման աշխատանքով ենք զբաղվում, հիմա վերահսկվում է, նորմալ է, և եթե Աստված բարեհաճի, այսօր կավարտենք այդ ամեն ինչը»,-ասաց նա:
Վնասների չափի գնահատում դեռևս համայնքի ղեկավարը չի շտապում անել: «Դե 400-500 հեկտարի չափ, կարծում եմ, այրվել է, որից 60-70 հա անտառ է, ավելի մանրամասն վնասները հետագա հաշվարկները ցույց կտան»,-ասաց նա:
Սիմոն Բաբայանը նշեց, որ Արտավանը դեռևս հոսանք չունի: «Շուրջ 20 հատ հենասյուն է վառվել, գյուղում դեռ լույս չկա»,-ասաց նա և հավելեց, թե գյուղապետն ասաց, որ ծուխը բարեբախտաբար գյուղի ուղղությամբ չի գնացել, այլ հակառակ ուղղությամբ:\










