Երկար տառապանքից հետո նոր կարողանում ենք սփյուռքահայերին նկար վաճառել. «Վերնիսաժի» գեղանկարիչներ (տեսանյութ)

21:14 • 12.08.17

Երևանի «Վերնիսաժում» գեղանկարների վաճառքով զբաղվողները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ զբոսաշրջիկների թիվն այս տարի ավելացել է, բայց գնողունակությունն ընկել է:

Արվեստագետների խոսքով՝ զբոսաշրջիկները բավականին շատ են հետաքրքրվում գեղանկարներով, բայց այդքան էլ շատ չեն գնում: Ընդ որում, «Վերնիսաժի» նկարները հիմնական գնում են ոչ թե այլազգի զբոսաշրջիկները, այլ հենց սփյուռքահայերը:

«Թե՛ ժամանակակից, թե՛ ռեալիստական ոճի նկարներ են գնում: Ժամանակակիցը հետաքրքրում է ավելի շատ Եվրոպայից, ԱՄՆ-ից ժամանած սփյուռքահայերին, իսկ ռուս զբոսաշրջիկները հիմնականում ռեալիստական նկարներ են նախընտրում, նրանք ժամանակակից արվեստից գլուխ չեն հանում»,- ասաց կտավների վաճառքով զբաղվողներից մեկը:

Ըստ նրանց՝ հիմնականում հայկական թեմաներով նկարներ են գնվում՝ Արարատ, Խոր Վիրապ, Նուռ և այլն: Արվեստագետներից մեկն անգամ նշեց, որ հաճախորդները պատվիրել է նկարել Հաղպատի վանքը, որի հետևի ֆոնում պատկերված պետք է լիներ Արարատ լեռը:

Գեղանկարների մեծ մասը վաճառվում է տուրիստական շրջանի 3-4 ամիսների ընթացքում: Իսկ կտավների գները հետևյալն են՝ քիչ աշխատանք պահանջող նկարը 60 հազար դրամ է, իսկ համեմատաբար ավելի երկար աշխատանքի դեպքում կտավի գինը կարող է հասնել 250 դոլարի: Չնայած, արվեստագետներից շատերը հստակ գին չէին նշում:
 
«Երկար տառապանքից հետո նոր կարողանում ենք սփյուռքահայերին նկար վաճառել, թեև վերջին շրջանում Հայաստանից գնացած և որպես զբոսաշրջիկ եկած հայերն ավելի առատաձեռն են»,- նշեց մեկ այլ արվեստագետ:


Մանրամասները՝ տեսանյութում: