Սաակաշվիլին հայտարարել է, որ Պորոշենկոն կեղծ փաստաթղթերի միջոցով է զրկել իրեն քաղաքացիությունից
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կեղծ փաստաթղթերի միջոցով է զրկել իրեն քաղաքացիությունից, այս մասին գրում է apsny.ge կայքը:
«Դա արդեն հաստատել են նաև համապատասխան մասնագետները՝ նա ինձ քաղաքացիությունից զրկելը հիմնավորել է կեղծ փաստաթղթերի միջոցով: Այնպես որ, ես որևէ սխալ թույլ չեմ տվել փաստաթղթերը լրացնելիս», - պնդել է Սաակաշվիլին:
Ըստ նրա՝ Պորոշենկոյի աշխատակազմը, իր հերթին, հրաժարվում է տրամադրել իրեն իր իսկ կողմից ժամանակին քաղաքացիություն ստանալու համար լրացված իսկական փաստաթղթերի պատճենները՝ պնդելով, որ դա ծառայողական տեղեկություն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ներկա պահին գտնվում է Հունգարիայում:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:










