Աշտարակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 4-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Օգոստոսի 4-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից մեքենաներից մեկի վիրավորներից 4 տարեկան երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Անգիտակից վիճակում գտնվող երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»,-ասաց Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 21:48-ին, տեղեկություն էր ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել էին «Volkswagen» մակնիշի 99 GG 399 և «ՎԱԶ-2121» մակնիշի 34 GG 889 պետհամարանիշերով ավտոմեքենաները, որի հետևանքով 1981թ. ծնված Գեղամ Սարգսյանը և 2013թ. ծնված Սարգիս Սարգսյանը վկաների ուժերով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Գեղամ Սարգսյանը մահացել էր, իսկ 4 տարեկան Սարգիս Սարգսյանը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Նշենք, որ որպես վթարված մեքենայի վարորդ ոստիկանություն էր ներկայացրել և հանձնվել Սամվել Ջեյրանյանը, ով նախկինում եղել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի (ԲԽՍՍ) վարչության պետը: Սակայն, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, այնուհետև երկու ամսով կալանավորվել էր Սուրեն Ջեյրանյանը, ով վթարի ժամանակ եղել է ավտոմեքենայի ղեկին։










