Հնդկաստանում կիսաքանդ կառավարական շենքի աշխատակիցները սաղավարտներ են կրում աշխատավայրում
Հոգնելով մշտապես վախի մթնալորտում աշխատելուց՝ Հնդկաստանի Բիհար նահանգի կառավարական կիսաքանդ շենքում աշխատողները մոտոցիկլավարի սաղավարտներով են նստում գրասենյակում, որպեսզի խուսափեն քանդվող տանիքից ընկնող աղյուսի հարվածներից:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, հնդկական սոցցանցերում մեծ տարածում է գտել տեսանյութը, որում պատկերվում է, թե ինչպես են 4 աշխատակից փորձում կատարել իրենց աշխատանքը՝ սաղավարտները գլխին: Այս տեսանյութը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում ասիական այս երկրում տիրող աշխատանքային ծանր պայմանների վրա:
Տեսանյութն անմիջապես հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որոնց կատարած լրագրողական հետաքննությունը պարզել է, որ կառավարական շենքը անվտանգության չափանիշներով վտանգավոր է ճանաչվել դեռևս երկու տարի առաջ, սակայն ոչ մի գործողություն չի ձեռնարկվել բարեկարգման ուղղությամբ:










