Միջազգային մարդասիրական խմբերը դադարեցնում են ներգաղթյալներին փրկելու գործողությունները Միջերկրական ծովում

20:24 • 13.08.17

Միջազգային մարդասիրական կազմակերպությունները սկսում են դադարեցնել ներգաղթյալների փրկությանն ուղղված գործողությունները Միջերկրական ծովում, քանի որ սպառնալիքներ են ստացել Լիբիայի առափնյա ծառայության փրկարարներից:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը երկու այլ խումբ է միացել: Այս որոշման մասին կիրակի հայտարարել են «Փրկենք երեխաներին» և Գերմանիայի SeaWatch մարդասիրական կազմակերպությունները՝ նշելով, որ իրենց թիմերն այլևս չեն կարողանում անվտանգ աշխատել Լիբիայի իշխանությունների թշնամական դիրքորոշման պատճառով:

Նշվում է, որ շաբաթներ շարունակ լարվածությունը մարդասիրական օգնություն ցուցաբերող խմբերի և իտալական կառավարության միջև աճում էր, քանի որ Իտալիան այդ կազմակերպություններին մեղադրում է ներգաղթյալների անօրինական տեղաշարժին աջակցելու մեջ:

Ավելի քան 13 000 փախստական է զոհվել՝ փորձելով հատել ծովը: