Սիչուանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի

14:06 • 13.08.17

Օգոստոսի 8-ին Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորվել է 493 մարդ: Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին:


Ինչպես հայտնել է Սիչուան նահանգի ղեկավարությունը, պարզվել է 21 մարդու ինքնությունը, ևս չորսի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել:


Փրկարարները շարունակում են որոնողական գործողությունները, որին մասնակցում են զինվորականներ և հրշեջներ: Ձեռնարկվում են աղետի հետևանքների վերացման ուղղությամբ ակտիվ գործողություններ:


Օգոստոսի 8-ին ժամը 21:19-ին 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Ցզյուչժայգոու բնակավայրում: Ավելի ուշ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հստակեցրել է, որ մագնիտուդը կազմել է 7: Դրանից հետո գրանցվել է ավելի քան 1000 հետցնցում: