Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Սաակաշվիլիի վերաբերյալ Կիևի հետ բանակցությունների մասին տեղեկությունները

19:21 • 13.08.17

Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին ոչ մեկի հետ չի քննարկել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման թեման: Այդ մասին ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ strana.ua կայքը հայտնել էր, որ Լեքսուս անունով հայտնի ռուս հումորիստը զանգել է Մգեբրիշվիլիին իր ուկրաինացի գործընկեր Արսեն Ավակովի անունից և հայտնել է, որ ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին պատրաստվում է ժամանել Բորիսպոլ: Հումորիստը զրուցակցին առաջարկել է «ուղարկել» նախկին նախագահին Վրաստան, բայց Մգեբրիշվիլին հրաժարվել է:


«Նման հեռախոսազանգ Մգեբրիշվիլին չի ունեցել ո՛չ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի, ո՛չ այլ անձի հետ: Ընդհանրապես լուրջ չէ պնդել, որ երկու երկրների ներքին գործերի նախարարները պետական նշանակության հարցեր կքննարկեին չպաշտպանված հեռախոսային կապով»,- ասված է Վրաստանի գերատեսչության հայտարարությունում:


Այնուամենայնիվ, Լեքսուսը հայտնել է, որ պատրաստ է զրույցի ձայնագրությունը փորձաքննության հանձնել: