Սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրել է Ալ-Սուխնա քաղաքը

16:39 • 13.08.17

Սիրիական բանակը և աշխարհազորայինները, ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Ալ-Սուխնա քաղաքը՝ Հոմս շրջանի արևելքում գրոհայինների ամենախոշոր հենակետը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:


Գործողությունն իրականացվել է մի քանի փուլով: Օգոստոսի 10-ին կառավարական զորքերը զբաղեցրել են ռազմավարական նշանակության բարձունքներն ու արգելափակել են քաղաքը: Կիրակի լույս գիշերը ժամը երեքի մոտակայքում նրանց հաջողվել է գրոհայիններին դուրս հանել հյուսիսային և արևմտյան թաղամասերից, իսկ առավոտյան յոթի մոտակայքում՝ ազատագրել քաղաքի կենտրոնական և հարավային մասերը՝ վերցնելով քաղաքն ամբողջական հսկողության տակ:


Հաղորդվում է, որ Ալ-Սուխնայի ազատագրումը կառավարական ուժերի համար հնարավորություններ է բացում Դեյր էր Զորի վրա գրոհի համար: