Մադուրոյի որդին խոստացել է գրավել Սպիտակ տունը, եթե ԱՄՆ-ն ռազմական ուժ կիրառի Վենեսուելայում. Reuters

18:05 • 13.08.17

Վենեսուելայի նախագահի որդին՝ Նիկոլաս Մադուրո կրտսերը խոստացել է պատասխան գործողություններ կիրառել, եթե ԱՄՆ-ն ռազմական ուժ կիրառի Վենեսուելայի նկատմամբ: Այդ հայտարարությունը նա արել է սահմանադրական ժողովի նիստի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը:


«Եթե Վենեսուելայի դեմ հարձակում իրականացվի, Դուք Նյու Յորքում հրացաններ կտեսնեք, պարոն Թրամփ: Մենք կգրավենք Սպիտակ տունը»,- ասել է Մադուրոն:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի բացառում վենեսուելական խնդրի ռազմական լուծման հնարավորությունը:


«Մենք շատ տարբերակներ ունենք Վենեսուելայի համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր ռազմական տարբերակը»,- ասել է նա:


Այն բանից հետո, երբ Վենեսուելայում անցկացվեցին Սահմանադրական ժողովի ընտրությունները, որը կարող է փոփոխել պետական կառավարման համակարգը և սահմանադրությունը, անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Հերբերտ Մաքմասթերը հայտարարեց, որ Վաշինգտոնն այժմ Նիկոլաս Մադուրոյին բռնապետ է համարում: ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահի և ժողովի անդամների դեմ:


Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունները (հիմնադիր ժողով) կայացել են հուլիսի 30-ին: Այն ուղեկցվել է բախումներով, որոնց ընթացքում ավելի քան տասը մարդ է զոհվել:


Ավելի վաղ Վենեսուելայի ՆԳՆ-ն մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքով արգելել էր ցույցերի և հանրահավաքների անցկացումը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:


Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ էր հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում էին հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով ավելի քան 110 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել: