Հայաստանը կարող է 3-ից 4 անգամ ավել զբոսաշրջիկ ընդունել. Արամ Նավասարդյան

21:34 • 14.08.17

Երևանում բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին դժգոհում են մայրաքաղաքում զբոսաշրջիկների քանակից, նշելով, որ զբոսաշրջությունից գումարային ներհոսքն ուղեկցվում է քաղաքի ծանրաբեռնվածության ավելացմամբ:

Tert.am-ի հետ զրույցում «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը՝ նշեց, որ Հայաստանը չի կարելի համարել զբոսաշրջիկներով ծանրաբեռնված երկիր: Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է 3-ից 4 անգամ ավել զբոսաշրջիկ ընդունել: 

Վերջինս դժվարացավ նշել, թե Հայաստանը կամ, մասնավորապես Երևանը, որքա՞ն զբոսաշրջիկ կարող է ընդունել ամառվա ամիսներին: «Դա շատ բարդ հաշվարկների խնդիր է՝ իմանալու համար, թե որքան զբոսաշրջիկ կարող է մարսել Հայաստանը կամ Երևանը: Բայց ես կարող եմ ասել, որ եթե ներկայիս ծավալները 3-ից 4 անգամ ավելանան, խնդիր չի առաջանա, մայրաքաղաքը կամ երկիրը չի ծանրաբեռնվի, եթե տարվի ճիշտ քաղաքականություն, կատարվի ճիշտ տեղաբաշխում»,- նշեց Արամ Նավասարդյանը:


Նա նշել է, որ մ ինքը չի լսել գանգատներ այն մասին, թե մայրաքաղաքում շատ զբոսաշրջիկներ կան, բայց նշեց, որ եթե նման մարդիկ կան, ապա նրանք ունեն սեփական կարծիքի իրավունք:

Վերջինս ասաց, որ Հայաստանը բավական փոքր պետություն է, կարելի է 3-ից 4-օրյա տուրիստական տուրեր կազմակերպել մարզերով, որտեղ ևս հետաքրքիր երևույթներ կան զբոսաշրջիկների համար:

Միաժամանակ, նա նշեց, որ եթե անգամ պատկան մարմինները համահար զարգացում չիրականացնեն, զբոսաշրջիկներին չտեղաբաշխեն ամբողջ Հայաստանով, տեղակայեն միայն Երևանում, մայրաքաղաքը չի ծանրաբեռնվի:

«Պատմամշակութային վայրեր կան, արգելոցներ, որոնք արժանի են զբոսաշրջային վայր դառնալուն: Ձևավորում, վերանորոգում, մարկետինգային քաղաքականություն պետք է մշակվի, համագործակցություն պետք է արվի տուրիստական ընկերությունների հետ, որպեսզի այս վայրերը ներգրավվեն տուրիստներին առաջարկվող տեսարժան վայրերի ցանկում: Հարկավոր է որոշակի ռազմավարություն մշակել, հստակ հաշվարկներ կատարել ու իրագործել»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հարցին՝ իսկ տուրիստական ներկայիս հոսքը 3-ից 4 անգամ ավելացնելու հնարավորությունը չի՞ հանգեցնի օրինակ երթևեկության ծանրաբեռնվածությանը, խցանումների ավելի հաճախակի առաջացմանը, ապա Նավասարդյանը պատասխանեց, որ եվրոպական ավելի նեղ փողոցներով երկրներ կան, քան՝ Երևանը, բայց տուրիստական հոսքերի պատճառով խցանումներ չեն առաջանում:

Իսկ այդ արդյունքին հասնելու համար, ըստ նրա, հարկավոր է աշխատել, մտածել զբոսաշրջային ավտոբուսների համար օրինակ հատուկ կանգառներ ներդնելու ուղղությամբ, աշխատել քաղաքային երթևեկությունը շրջանցելու քաղաքականությամբ: «Երկրներ կան, քաղաքներ կան, որոնք 2 անգամ ավելի նեղ փողոցներ ունեն,քան Երևանը, բայց 5-ից 6 անգամ ավելի շատ զբոսաշրջիկներ և խցանումներ չեն ունենում»,- նկատեց Արամ Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է հյուրանոցների քանակությանը, ապա ըստ Նավասարդյանի, զբոսաշրջային ներկայիս հոսքի համար միանգամայն բավարար են այժմյան հյուրանոցները, բայց եթե հոսքը մեծանա, ապա ոլորտը շատ արագ կարձագանքի պահանջարկին ու հյուրանոցների թիվը կավելացվի: