Հայ համայնքն էլ, ինչպես Ֆրանսիայում ապրողների մեծամասնությունը, Էմանուել Մակրոնից դժգոհության առիթներ կունենա․ Արթուր Խանջյան
Ֆրանսիայի Իսե լե Մուլինիոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անփորձ քաղաքական գործիչ լինելով, իր շուրջն անփորձ մարդկանց համախմբեց, և բնական էր, որ դրա հետևանքով նրա շուրջ դժգոհություն կլինեին, մարդկանց սպասումները չէին արդարանա:
«Ժողովուրդը սպասում էր, որ փորձառու, քաղաքական դիմագիծ ունեցող անհատը կղեկավարի երկիրը: Իսկ Մակրոնը որևէ քաղաքական կուսակցության անդամ չի եղել, իր շուրջն էլ անփորձ մարդկանց է հավաքել: Անփորձ բանակ է, անփորձ գեներալով»,- նկատեց նա։
Արթուր Խանջյանը նշեց, որ օր օրի Էմանուել Մակրոնի շուրջ դժգոհությունն ավելի կմեծանա: Նա նկատեց, որ ժամանակակից մարդը այլևս շատ համբերություն չունի՝ երկար սպասելու համար փոփոխություններին:
Ֆրանսահայ գործիչը, անդրադառնալով հայ համայնքի՝ Մակրոնից սպասումներին, նկատեց, որ կարծես թե ֆրանսահայության մեծամասնությունը նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկել էր Ֆրանսուա Ֆիյոնի օգտին, Մակրոնին չէր ընտրել:
«Մակրոնը հայերին երբեք մոտ չի եղել, բնական է, քանի որ մարդը քաղաքականությամբ չէր զբաղվել: Ապրիլի 24-ին է եղել Կոմիտասի արձանի մոտ, և չեմ հիշում, որ նա հայերին մի հայտարարություն արել, խոստում տվել է, միայն CCAF-ն է ինչ-որ հայտարարություն արել,- ասաց նա՝ նշելով, որ սակայն, ի տարբերություն մյուս թեկնածուների, արդեն ընտրված Մակրոնը իր կուսակցությունում հայազգի պատգամավորների է ներգրավվել,- գուցե նրանց միջոցով էլ հայկական հարցերին ծանոթանա»:
Արթուր Խանջյանի կանխատեսմամբ՝ հայ համայնքն էլ, ինչպես Ֆրանսիայում ապրողների մեծամասնությունը, Էմանուել Մակրոնից դժգոհության առիթներ կունենա: «Եթե Ցեղասպանության մասին օրինագիծը չանցնի, հայ համայնքի դժգոհությունը կմեծանա: Եվ պետք է նշենք, որ հայ համայնքը Ֆրանսիայի մաս կազմող ժողովրդի մի մասն է: Եթե վտանգավոր հարցերը շատանան, անվտանգության խնդիրներ լինեն, տնտեսական կյանքը վատթարանա, ինչպես ցանկացած ֆրանսիացի, ֆրանսահայը ևս դժգոհություն հայտնելու է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ֆրանսահայությունը Մակրոնից սպասումներ ունի նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ տանելու հետ կապված: Սակայն, ըստ նրա, Մակրոնը, չնայած սահմանում եղած լարվածությանը, հիմնախնդրով լուրջ չի զբաղվում․ հպանցիկ, մեղմ քաղաքականություն է վարում: «Շատ անփորձ է նա՝ Թրամփի նման: Շատ դժվար օրեր են սպասվում Մակրոնի կառավարման շրջանում: Ժողովրդի սպասումները Մակրոնից ավելին են, քան նրա կարողությունները»,- ասաց նա:










