Լոնդոնում փակվել է Թեմզայով անցնող այգի-կամրջի նախագիծը

19:11 • 14.08.17

Թեմզա գետով անցնող այգի-կամուրջ նախագիծը փակվում է Լոնդոնի իշխանությունների կողմից անբավարար աջակցության պատճառով: Այդ մասին ասված է նախագծի վրա աշխատող Garden Bridge հիմնադրամի հրապարակած հայտարարությունում, հայտնում է The Independent-ը:


Հիմնադրամը, որը ստեղծվել էր Լոնդոնի կենտրոնում Այգի-կամրջի ստեղծման և շահագործման համար, այսօր հայտարարել է նախագիծը դադարեցնելու մասին:


«Հիմնադրամն իր որոշոման մասին տեղեկացրել է Լոնդոնի քաղաքապետին, «Լոնդոնի տրանսպորտ» կազմակերպությանը և տրանսպորտի դեպարտամենտին, որոնք պետական միջոցներ են հատկացրել նախագծի համար: Հիմնադրամն այլ ելք չունի, քան ընդունել այդ որոշումը՝ քաղաքապետից  անբավարար աջակցության պատճառով»,- ասված է հայտարարությունում:


Նշվում է, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը հրաժարվել էր ստանձնել կամրջի պահպանության համար տարեկան ծախսերը՝ ասելով, որ դա Լոնդոնի հարկատուներին չափազանց մեծ լրացուցիչ ֆինանսական ռիսկի կենթարկի:


Նախագծի բյուջեն գնահատվում էր 200 միլիոն ֆունտ սթերլինգ, այդքան արժենալու էր միայն կամրջի կառուցումը:


Հաղորդվում է, որ մոտ 37 միլիոն ֆունտ սթերլինգ արդեն ծախսվել էր նախապատրաստական աշխատանքների վրա: