Հյուսիսային Կարոլինայում ցուցարարները տապալել են Համադաշնության զորքերի հուշարձանը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Դուրեմ քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները տապալել են Համադաշնության զորքերի հուշարձանը: Այս մասին հայտնում է WNCN հեռուստաալիքը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները բողոքել են ռասիզմի և ֆաշիզմի դեմ՝ վանկարկելով «Ո՛չ «Կու կլուքս կլանին», ո՛չ ֆաշիզմին» արտահայտությունները: Այնուհետև մի քանի մարդ ճոպանի միջոցով տապալել է հուշարձանը:
ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմի ժամանակներից մնացած զինվորի արձանը գտնվել է քաղաքապետարանի շենքի դիմաց: Այն տեղադրվել է 1924 թվականին, և դրա վրա գրված է եղել «Ամերիկայի համադաշնային նահանգներ»:
«Այսպիսի հուշարձաններ կան ամբողջ երկրում, դրանք պետք է հեռացնել», - ասել է ակցիայի կազմակերպիչ Լոն Թրենը:
Նշվում է, որ ակցիան անցկացվել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում սպիտակ ազգայնականների (աջ ծայրահեղականների) կողմից անմեղ ցուցարարի սպանության ու դրան հաջորդած զանգվածային անկարգություններից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, անցած հանգստյան օրերին Շառլոթսվիլում հակառասիստական բողոքի ցույց է անցկացվել, որի ժամանակ ցուցարարների դեմ են ելել սպիտակ ազգայնականները: Նրանք մեքենայով մխրճվել են ռասիզմի դրսևորման դեմ բողոքող ամերիկացիների մեջ՝ դառնալով մեկ կնոջ մահվան պատճառ: Սպանության գործով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ, որը նեոնացիստական գաղափարախոսության հետևորդ է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է բուռն քննադատությունների թիրախում` անկարգությունները պատճաշ կերպով չդատապարտելու համար:










