Արգիշտի Կիվիրյանի հայցը բավարարելու վճռի դեմ ոստիկանության բողոքը կքննվի, սակայն երկու տարի հետո

19:22 • 16.08.17

Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը բավարարելու Վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ոստիկանությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Սակայն դատարանն այդ բողոքը կքննի երկու տարի անց՝ 2019 թվականի մայիսի 29-ին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարկում է արել փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Վերաքննիչ դատարանի գրության մեջ ասվում է, որ վերաքննիչ բողոքը պետք է ընդունել վարույթ, քանի որ համապատասխանում է ՀՀ վարչական դատավարական օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջներին և բացակայում են նույն օրենսգրքի 136-րդ հոդվածով նախատեսված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը:

Վերաքննիչ դատարանի որոշման մեջ ասվում է. «Թիվ ՎԴ/0768/05/15 վարչական գործով, ըստ հայցի՝ ՀՀ ոստիկանություն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին  և ըստ հակընդդեմ Արգիշտի Կիվիրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ Կիվիրյանի իրավունքների խախտմանն ուղղված ՀՀ ոստիկանության գործողությունները՝ կապված Գյումրիում ապրող Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջի վերաբերյալ 15.01.2017 թվականի վճռի դեմ ՀՀ ոստիկանության կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Գործի քննությունը նշանակվել է 2019 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի շենքում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը մայիսի 15-ին մերժել էր ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու հարցով անցկացված երթի առնչությամբ ոստիկանության հայցը, իսկ Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը՝ բավարարել: