Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են. ԱԻՆ

18:58 • 16.08.17

Օգոստոսի 16-ին ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

ՀՀ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

Այս պահին Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի տեղում, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալներով՝ անձրևը սպասվում է ժամը 19:00-ից հետո:

Ինքնաթիռի հետագա թռիչքների և լայնածավալ աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշումը կկայացվի վաղը առավոտյան՝ հետախուզական տվյալների ուսումնասիրության արդյունքում: