Դատախազի հանձնարարությամբ նյութեր կնախապատրաստվեն Արայիկ Պապիկյանի հասցեին հնչած սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա

12:38 • 16.08.17

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստաբան Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների մասին հայտարարությունների հիման վրա:

Այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասացին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից. «ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ պարունակող էլեկտրոնային նամակներ ստանալու և մասնագիտական գործունեության համար հետապնդման ենթարկվելու վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի տարածած հայտարարությանը»:

Դատախազությունից նաև հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարվել է քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ստուգել Արայիկ Պապիկյանի ներկայացրած հաղորդման մեջ, ինչպես նաև դրա վերաբերյալ արված հայտարարություններում ներկայացված հանգամանքները և Քրեական դատավարության օրենսգրքի  180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:

Նշենք, որ այդ կապակցությամբ  երեկ ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: