Անցյալ տարի մոսկովյան բանկում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել է մեղքը
2016 թվականի ամռանը «Սիթիբանկի» մոսկովյան մասնաճյուղում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել է մեղքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության և պատանդներ վերցնելու համար: Հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության եզրակացությունը վկայում է Պետրոսյանի մեղսունակության մասին: Քննության ընթացքում գործարարն ընդունել է պատանդներ վերցնելու մեղքը, բայց ոչ ահաբեկչության սպառնալիքը:
«Ես համաձայն չեմ ներկայացված մեղադրանքների հետ, ես ահաբեկիչ չեմ: Պատանդներ, այո, վերցրել եմ»,- ասել է Պետրոսյանը, երբ դատախազը հրապարակել է գործով մեղադրական եզրակացությունը:
Բացի այդ, չորեքշաբթի մեղադրյալը դատարանին ուղղված դիմում է կարդացել, որով խնդրել է որպես հանրային պաշտպան հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Խնդրում եմ ձեզ՝ ինչպես տղամարդը տղամարդուն, սպան սպային՝ լինել իմ հանրային պաշտպանը»,- ասված է դիմումում:
Դատավորը բացատրել է Պետրոսյանին, որ հանրային փաստաբանների հրավերը չի մտնում դատարանի լիազորությունների մեջ, բայց եթե պետության ղեկավարը գա դատավարությանը, դատարանը նրան թույլ կտա ներկա լինել լսումներին:
Հիշեցնենք, որ սնանկացած հայ գործարարը մոսկովյան բանկի մասնաճյուղ էր ներխուժել անցած տարվա օգոստոսին և չորս պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել շենքը: Նա ինքնակամ հանձնվել էր ոստիկաններին և ավելի ուշ պարզաբանել, որ այդ քայլով ցանկացել է ուշադրություն հրավիրել բիզնեսում առկա խնդիրների վրա:










