Ոչ ոք սխալ չէր հասկանա, եթե վարչապետն ընդհատեր իր այցը Հայաստանում անտառային հրդեհների պատճառով. Արմեն Բադալյան

20:28 • 16.08.17

Քաղաքական և PR տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանին ոչ ոք սխալ չէր հասկանա, եթե նա Հայաստանում վերջին երկու խոշոր հրդեհների պատճառով ընդհատեր իր այցը և չմասնակցեր Աստանայում ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը՝ հայտարարելով չմասնակցելու պատճառների մասին։ Անդրադառնալով Կարեն Կարապետյանի վարկանշին՝ Արմեն Բադալյանն ասում է, որ վարչապետի վարկանիշն այժմ բավական ընկել է և այն բարձրացնելու համար նա լավագույն դեպքում պետք է սկսի զրոյից:

- Պարո՛ն Բադալյան, Կարեն Կարապետյանի՝ ծննդյան տարեդարձը ՌԴ-ում նշելու լուրին հայաստանյան մամուլը բավական բուռն արձագանքեց։ Մասնավորապես, քննարկվում էր դրա PR կողմը և ասվում, որ ամիսներ շարունակ վարչապետի PR թիմը փորձում էր ռուսաստանյան «գազային» պաշտոնյայի նրա իմիջը փոխարինել Հայաստանում ծնված ու հայրենիքի խնդիրներով մտահոգ քաղաքական գործչի իմիջով, իսկ տարեդարձը ՌԴ-ում նշելը մեղմ ասած չնպաստեց այդ փոփոխությանը։ Համակարծի՞ք եք այս պնդման հետ։

- Սկսենք նրանից, որ վարչապետի 54-ամյակը համընկավ ԵԱՏՄ վարչապետների հավաքի հետ: Բնականաբար, դրա համար էր, որ իր ծնունդը նա Աստանայի հանդիպումից հետո նշեց Մոսկվայում: Ինչ վերաբերում է PR-ին, իրեն այն արդեն չի օգնի: Երբ նա եկավ, իր հետ կապված բավականին մեծ ակնկալիքներ կային և այդ ժամանակ է, որ կարելի էր օգտվել PR գործիքից: Այսինքն՝ այդ ժամանակ ինքը կարող էր համապատասխան գործողություններ իրականացնել, դրանք PR անել ու դրանք մեծ օգուտներ կբերեին: Իսկ այժմ նրա իմիջը բավական ընկել է։ Երբ նա եկավ, վարչապետ էր ու քաղաքական գործիչ: Իսկ նա մենեջերի կերպարով հանդես եկավ ու իր կերպարը կոտրեց: Այն կերպարը, որ ակնկալվում էր, ինքն անձամբ կոտրեց: Իսկ այն, ինչ կոտրվում է, չի կարող կպնել PR-ով: Ինքը լավագույն դեպքում պետք է սկսի զրոյից, իսկ զրոյից սկսելու դեպքում լրիվ ուրիշ հարցեր են առաջանում կապված ապրիլի 1-ի (2018թ.) վարչապետ մնալու-չմնալու հետ: Ու, ինչպես ես եմ տեսնում, մինչ այժմ որևէ հավակնություն չունի իր կերպարը փոխելու:

- Իր ծննդյան օրը համընկավ ոչ միայն ԵԱՏՄ վարչապետների հավաքին, այլև  Հայաստանում տեղի ունեցած իրադարձությանը՝ անտառային հրդեհներին, որն արդեն իսկ որակվել է որպես բնապահպանական ողբերգություն: Սովորաբար, երկրի 1-ին, 2-րդ դեմքերը նման դեպքերում ընդհատում են ոչ միայն արձակուրդները, այլ անգամ՝ պաշտոնական այցերը:

- Սա անում են այն մարդիկ, որոնք մտածում են իրենց իմիջի մասին: Բնականաբար, եթե սա լիներ որևէ եվրոպական երկրի կամ ժողովրդավարական երկրի ղեկավար, չէր մասնակցի այդ հավաքին, ինչ կարգի միջոցառում էլ որ լիներ: Կարող էր իրեն փոխարինել որևէ նախարարով: Եթե նա գար, դա կաշխատեր իր իմիջի օգտին:

- Մենք նաև գիտենք բազում դեպքեր, երբ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները չեն մասնակցել. Լուկաշենկոն՝ ընդունելու համար Մինսկի զինվորական շքերթը, Նազարբաևը՝ գրիպի պատճառով: 

-Դա քաղաքական էր:

-Այսինքն՝ մեզ սխալ կհասկանայի՞ն, եթե ընդհատեր այցը: 

- Ոչ ոք սխալ չէր հասկանա, եթե վարչապետն ընդհատեր իր այցը՝ հայտարարություն տարածելով դրդապատճառների մասին, որովհետև դա, իրոք, մեծ աղետ էր: Ուղղակի դրա համար պետք է լինել քաղաքական գործիչ: Բայց քանի որ մարդը մենեջեր է…