Շվեյցարական հյուրանոցը հրեա հյուրերին կարգադրել է լողավազան մտնելուց առաջ լողանալ. Իսրայելի ԱԳՆ-ն բողոք է հղել

13:08 • 16.08.17

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնական բողոք է հղել ալպիական Արոսա գյուղում գտնվող շվեյցարական Aparthaus Paradies հյուրանոցին, որի տնօրինությունը բոլոր հրեա հյուրերին կարգադրել է լողավազան մտնելուց առաջ լոգանք ընդունել ու մաքրվել:

Ինչպես նշում է The Independent-ը, համապատասխան նախազգուշացումը նույնիսկ փակցված է եղել հյուրանոցի տարբեր հատվածներում:

Պատմության մասին հայտնի է դարձել, երբ հյուրանոցի զարմացած այցելուներից մեկն այդ մասին պատմել է Facebook սոցկայքում՝ կից հրապարակելով նաև նախազգուշացման լուսանկարը:

«Մեր հրեա հյուրերի համար՝ խնդրում ենք լողավազան մտնելուց առաջ լոգանք ընդունել և նույնպես վարվել նաև լողավազանից դուրս գալուց հետո: Եթե խախտեք այս կանոնը, ստիպված կլինենք լողավազանը փակել ձեզ համար»,-գրված է եղել թղթի վրա: 

 



Հետաքրքրական է, որ տվյալ հյուրանոցում սա հակասեմականության միակ դրսևորումը չէ: Խոհանոցի սառնարանների վրա գրված է եղել հետևյալ նախազգուշացումը. «Մեր հրեա հյուրերի համար՝ դուք սառնարանից կարող եք օգտվել միայն ժամը 10-11-ից մինչև 4.30-5.30-ը: Հուսանք, որ դուք հասկանում եք, որ մեզ դուր չի գալիս, երբ մեզ անընդհատ անհանգստացնում են»:

Հյուրանոցի մենեջեր Ռութ Թոմանը, որը սկանդալային նախազգուշացումների հեղինակն է, նշել է, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է և որ իրենք հակասեմականության քարոզ չեն անում:

Նշվում է, որ Շվեյցարիայում Իսրայելի դեսպան Ջեյքոբ Քեյդարի միջամտությունից հետո նախազգուշացումները հեռացվել են: Բացի այդ, Շվեյցարիայի արտգործնախարարության խոսնակը զրուցել է  Քեյդարի հետ ու ևս մեկ անգամ հաստատել, որ Շվեյցարիան դատապարտում է ռասիզմի, հակասեմականության և խտրականության այլ դրսևորումները: