Թրամփն ասել է, որ նեոնացիստների մեջ լավ մարդիկ կան. «Կու Կլուքս Կլանի» նախկին առաջնորդը շնորհակալություն է հայտնել նրան
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Շառլոթսվիլում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ իր հերթական հայտարարությամբ կրկին շարժել է շարքային ամերիկացիների, հանրապետական և դեմոկրատ քաղաքական գործիչների, ինչպես նաև առաջին մեծության աստղերի զայրույթը:
Հայտնի է, որ անցած հանգստյան օրերին Շառլոթսվիլում հակառասիստական բողոքի ցույց է անցկացվել, որի ժամանակ ցուցարարների դեմ են ելել սպիտակ ազգայնականները: Նրանք մեքենայով մխրճվել են ռասիզմի դրսևորման դեմ բողոքող ամերիկացիների մեջ՝ դառնալով մեկ կնոջ մահվան պատճառ: Սպանության գործով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ, որը նեոնացիստական գաղափարախոսության հետևորդ է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ 71-ամյա ղեկավարը կրկին հնչեցրել է այն միտքը, որ կատարվածի համար մեղավոր են 2 կողմերը՝ և՛ նացիստները, և՛ ձախակողմյան լիբերալները:
«Կարծում եմ՝ 2 կողմն էլ մեղավոր էր»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատելով, որ սպիտակ ազգայնականների մեջ կան շատ լավ մարդիկ, որոնք կարող են դեմ լինել լիբերալ ակտիվիստներին: Այս խոսքերից հետո Թրամփի կուսակիցները հայտարարել են, որ նացիստների ու լիբերալների միջև երբեք չի կարելի բարոյական հավասարություն դնել:
Մինչդեռ The Independent-ը հավելում է, որ ԱՄՆ-ում գործող ու սևամորթների դեմ պայքարող «Կու Կլուքս Կլան» ռասիստական կազմակերպության նախկին առաջնորդ Դևիդ Դյուքը գովել է նախագահին նման ելույթի համար ու ասել, որ Թրամփն ազնիվ և համարձակ մարդ է:
Դյուքին գոհացրել է այն փաստը, որ նախագահը միայն սպիտակ ազգայնականներին չի մեղադրել ու չի դատապարտել նրանց արածը:
![]()










